ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հնարավո՞ր է օգնել ննջեցյալներին

Հնարավո՞ր է օգնել ննջեցյալներին
23.01.2025 | 11:45

- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել:

- Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել:

Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար՝ ապաշխարելու համար:

Մենք՝ երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում:

Այդ պատճառով էլ պարտավոր ենք օգնել նրանց մեր աղոթքներով:

Միտքս հուշում է, որ դատապարտված ննջեցյալների տասը տոկոսն է միայն դիվական վիճակում գտնվում՝ դևերի պես հայհոյում է Աստծուն դժոխքում: Այդ հոգիները ոչ միայն օգնություն չեն խնդրում, այլև չեն ընդունում այն:

Նրանց ինչի՞ն է պետք օգնությունը: Աստված ի՞նչ կարող է անել նրանց համար: Պատկերացրեք, որ երեխան հեռանում է հայրական տնից, ողջ ունեցվածքը քամուն է տալիս և այդ ամենի հետ մեկտեղ, դեռ ամենավերջին բառերով էլ հայհոյում է հորը:

Է՜հ, այդ դեպքում հայրն ինչո՞վ կարող է նրան օգնել: Սակայն դժոխքում գտնվող մյուս դատապարտվածները, որ գոնե մի փոքր բարեպաշտություն ունեն, զգում են իրենց մեղքը, զղջում ու տառապում են իրենց մեղքերի համար: Նրանք օգնություն են աղերսում և հավատացյալների աղոթքից զգալի օգնություն են ստանում:

Այսինքն՝ Աստված այժմ այդ դատապարտված մարդկանց օգնություն ստանալու բարենպաստ հնարավորություն է ընձեռնում՝ մինչև Երկրորդ Գալուստը:

Երկրային կյանքում թագավորի մերձավորը կարող է որևէ դատապարտվածի օգնելու համար բարեխոսել նրա առջև:

Այդկերպ էլ, եթե մարդ Աստծու «ընկերն» է, ապա կարող է իր աղոթքով խնդրել Աստծուն և այդկերպ դատապարտված ննջեցյալին մի «զնդանից» մեկ ուրիշ՝ ավելի լավն ու հարմարավետը տեղափոխել: Նա նույնիսկ կարող է հասնել նրան, որ ննջեցյալին «բանտախցից» ինչ-որ «սենյակ» կամ «բնակարան» տեղափոխեն:

Այնպես, ինչպես բանտարկյալներին այցելելիս զովացուցիչ ըմպելիքներ և այլն ենք տանում՝ թեթևացնելով նրանց տառապանքը, այդկերպ էլ հոգու հանգստության համար կատարած մեր աղոթքներով ու ողորմություններով թեթևացնում ենք ննջեցյալների տառապանքը: Երկրորդ Գալուստից առաջ Աստված օգնության վերջին հնարավորություն է տալիս ննջեցյալներին՝ ողջերի կողմից կատարվող աղոթքների ու հոգեհանգստյան կարգերի միջոցով:

Վերջնական Դատաստանից հետո նրանք այլևս օգնություն ստանալու հնարավորություն չեն ունենա:

Աստված կամենում է ննջեցյալներին օգնել, որովհետև ցավում է նրանց համար, սակայն չի անում, որովհետև ազնիվ է:

Նա չի ցանկանում իրավունք տալ սատանային՝ ասելու.

«Ինչպե՞ս ես այս մեղավորին փրկում, չէ՞ որ նա ընդհանրապես ջանք չի թափել»:

Սակայն ննջեցյալի համար աղոթելով՝ մենք Աստծուն «իրավունք» ենք տալիս միջամտելու: Պետք է նաև նշել, որ ննջեցյալների համար մեր աղոթքներն ավելի են Աստծու սիրտը «գորովանքով լցնում», քան ողջերի համար արվածները:

Այդ պատճառով էլ մեր Եկեղեցին հաստատել է հոգեհացի և հոգեհանգստյան կարգերը: Հոգեհանգստյան կարգն ամենալավ փաստաբանն է ննջեցյալների հոգիների համար:

- Հա՛յր, իսկ նոր մահացած մարդիկ աղոթքի կարիք ավելի շա՞տ ունեն:

- Դե, իհա՛րկե:

Մի՞թե մարդու համար հատկապես ծանր չի լինում, երբ նոր է բանտ ընկնում: Աղոթենք այն մարդկանց համար, ովքեր Աստծուն չեն գոհացրել, որպեսզի Աստված նրանց էլ ինչ-որ կերպ օգնի: Հատկապես, եթե գիտենք, որ նա դաժան կամ կոշտ մարդ է եղել, ավելի ճիշտ, եթե նա դաժան է թվացել, որովհետև մենք երբեմն մարդուն դաժան ենք համարում, բայց իրականում այդպիսին չի լինում:

Իսկ եթե այդպիսի մարդը նաև մեղավոր կյանքով է ապրել, ապա պետք է շատ աղոթենք, նրա անունը գրենք՝ Պատարագների ժամանակ հիշատակելու և աղքատներին ողորմություն տանք նրա հոգու փրկության համար, որպեսզի աղքատների արտասանած «Թող նրա հոգին լուսավորվի» աղոթքը լսելով՝ Աստված ողորմության հակվի ու ողորմի այդ մարդուն:

Այսպիսով, այն, ինչ մարդ ինքը չի արել՝ մենք անենք նրա փոխարեն:

Իսկ եթե մարդ բարի էր, թեկուզ և լավ չէր ապրում, ապա մի փոքր աղոթքից էլ մեծ օգուտ է ստանում: Որովհետև նա հակված էր բարուն:

Ես դեպքեր գիտեմ, որ վկայում են հոգևոր մարդկանց աղոթքներից ննջեցյալների ստացած օգուտի մասին:

Մի մարդ իմ խուց եկավ ու լաց լինելով ասաց.

«Հա՛յր, ես դադարեցի աղոթել ննջեցյալ ծանոթներիցս մեկի համար, և նա երազումս հայտնվեց: «Դո՛ւ,- ասաց նա,- արդեն քսան օր է չես օգնում ինձ: Մոռացել ես ինձ, ու ես տանջվում եմ»:

Եվ իսկապես, ուղիղ քսան օր առաջ մոռացել էի նրա մասին, քանի որ բազմաթիվ խնդիրներ ունեի և նույնիսկ ինձ համար չէի աղոթում այդ օրերին»:

Հայր Պաիսիոս ԱԹՈՍԱՑԻ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի պաշտոնական/ Nor Nork Surb St. Sargis Church

ՖԲ էջից

Դիտվել է՝ 4593

Մեկնաբանություններ